2 հուլիսի 2020 - 15:45 AMT
Փաշինյան․ Գյուղոլորտում ներգրավվածների բարեկեցությունը չի փոխվի, քանի աշխատանքը չեիպլանավորվում

Գյուղատնտեսությամբ զբաղվողների օրակարգի հարցերը լուծելու դեպքում էլ նրանց բարեկեցության մակարդակը չի փոխվելու, քանի դեռ չկա բովանդակային փոփոխություն, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելով, որ փոփոխություն կլինի, երբ փոխվեն լավ ու վատ այգու, տնտեսության մասին պատկերացումները, քանի դեռ գյուղացիները թուղթ ու գրիչով կամ համակարգչով չեն պլանավորվում անելիքները:

Փաշինյանը թեմայի մասին խոսել է՝ անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին աջակցող նախագծերի ընդունմանը:

Կառավարությունը հաստատել է աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը, որով առաջարկվում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված կամ ներմուծված աշնանացան ցորենի էլիտա և 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։

«Սա ոչ թե այն ծրագրերից է որ դիզվառելիք ենք տալիս, որի կեսը գնում, չգիտենք ինչ է լինում, այլ մենք աջակցում ենք արդյունավետության բարձրացմանը, քանի որ ֆիզիկական աջակցությունը ոչ մի բանի չի բերում, պետք է լինի բովանդակային աջակցություն»,- ասել է վարչապետը:

Ծրագրով 1 կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվում է 70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայականից առավել ցածր գնով։ Նշվում է, որ նախագծի ընդունումը կնպաստի հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի բարձրացմանը՝ մոտ 30%-ով

Կառավարությունն ընդունել է նաև ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Դրանով մասնակի կսուբսիդավորվի էկոնոմիկայի նախարարության քարտեզագրած սպանդանոցային ցանցի թիրախավորված համայնքներում տեղակայելու նպատակով տնտեսավարողների կողմից հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ձեռք բերվող շարժական և/կամ շարժական մոդուլային սպանդանոցների լիզինգի համար անհրաժեշտ կանխավճարը: