4 հուլիսի 2020 - 17:58 AMT
Օտարերկրյա գործարարների համար Վրաստանում կարանտինն ու թեստավորումը վճարովի կլինեն

Վրաստանում գտնվող օտարերկրացի գործարարների համար կարանտինն ու կորոնավիրուսի թեստավորումը վճարովի կլինի, հայտնել է երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթյա Տուրնավան, փոխանցում է Apsny.ge-ն։

Նախարարի խոսքով՝ նոր կանոնները պաշտոնապես կընդունվեն առաջիկայում։ Նշվում է, որ սահմանն անցնելուց հետո գործարարներին 2 պայման կառաջարկվի՝ վճարովի երկշաբաթյա կարանտին ժամանակակից հյուրանոցում կամ պարբերաբար կորոնավիրուսի թեստ հանձնի։ Երկու դեպքում էլ բոլոր ծախսերը գործարարն անձամբ է հոգալու։

«Եթե նրանք երկար ժամանակով են եկել, կարող են ընտրել վճարովի կարանտինի տարբերակը և դրանով օգնել մեր հյուրանոցներին կամ նույնն անել թեստերի միջոցով»,- ասել է Տուրնավան՝ հավելելով, որ գործարարները պետք է թեստ հանձնեն ամեն 3 օրը մեկ։

Վրաստանում հուլիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսի 946 դեպք է հաստատվել։ 825 վարակակիր արդեն առողջացել է, մահացել է 15 հոգի։ Երկիրը մինչև օգոստոսի 1-ը հետաձգել է կանոնավոր թռիչքներ իրականացնելու որոշումը։