6 հուլիսի 2020 - 15:28 AMT
7 տարում ՌԴ-ին հիմնական բարեկամ համարող հայաստանցիների թիվը զգալի կրճատվել է

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը Հայաստանում 2019 իրականացրած «Կովկասյան բարոմետր» հարցմամբ արձանագրել է, որ հայաստանցիների 57%-ը Ռուսաստանին համարում է երկրի հիմնական բարեկամը։ 2013-ին այդ մարդկանց թիվը կազմում էր 83%։

Հայաստանի բարեկամների թվում են Ֆրանսիան, Վրաստանը, Իրանը, բոլորի ցուցանիշն էլ 7 տարում աճել է։

Վրաստանին 2013-ին «վստահում էր» հայաստանցիների 2 տոկոսը, 2019-ին՝ 4%-ը, Իրանին 2013-ին բարեկամ էր համարում 1%-ը, 2019-ին՝ 3%-ը, իսկ Ֆրանսիայի վստահությունը 5-ից աճել է 12%-ի։

2013-ին հայաստանցիների 4 տոկոսը կարծում էր, որ «Ոչ մի երկիր» Հայաստանի մշտական բարեկամը չէ, իսկ 2019-ին այդպես էր կարծում հարցվածների 17 տոկոսը։

Կովկասյան բարոմետրը միջերկրային հետազոտություն է, որն իրականացվում է Հարավային Կովկասի երեք երկրում՝ Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում: Ծրագրի նպատակն է տարածաշրջանում սոցիալական, քաղաքական և տնտեսական գործընթացների վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրությանը: