6 հուլիսի 2020 - 16:02 AMT
Մեգամոլում ռումբի մասին ահազանգը կեղծ էր․ Տարհանվել է նաև «Դալման»

Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբերի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր, տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել, տեղեկացնում է ԱԻՆ լրատվականը։

Հուլիսի 6-ին, ժամը 13։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ոստիկանությունից տեղեկություն էր ստացվել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։Փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են տարհանում․ անվտանգ տարածք է դուրս բերվել մոտ 350 քաղաքացի։

Ոստիկանության աշխատակիցները տարհանում են իրականացնում նաև «Դալմա Գարդեն մոլի» տարածքից։ ԱԻՆ-ը ստացել է պայթուցիկ սարքի տեղադրման մասին ահազանգ։

«Հարգելի քաղաքացիներ, հորդորում ենք ազատել տարածքը։ Բոլոր մեքենաները դուրս եք բերում բակի տարածքից»,- բարձրախոսով հայտարարում են ոստիկանները, գրում է Panorama.am-ը։

Դեպքի վայր են ժամանել նաև շտապ օգնության մեքենաներ։

Հուլիսի 1-ին ռումբի մասին կեղծ ահազանգ էր գրանցվել «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի Ֆուդկորտի տարածքի վերաբերյալ։ Փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում ռումբ չի հայտնաբերվել։