7 հուլիսի 2020 - 18:43 AMT
ՇՄՆ․ Արագիլների աղտոտման պատճառը կարող է ձկնաբուծարաններում կեր հայթայթելը լինել

Շրջակա միջավայրի նախարարությունը մշտադիտարկում է նախաձեռնել Արարատի և Արմավիրի մարզերի այն բնակավայրերի տարածքներում, որտեղ նկատվում են աղտոտված արագիլներ։

Նախնական տվյալներով պարզվել է, որ աղտոտված կենդանիների զգալի մասը կեր հայթայթելու համար իջնում է որոշ ձկնաբուծարանների տարածք, որին էլ՝ նախնական տվյալներով, կարող է հաջորդել կենդանիների աղտոտումը։

«Հետազոտությունները ցույց են տվել, որ այս պահին աղտոտված են Հովտաշենից Երասխահուն և Հայանիստ գյուղերի միջակայքում բնադրող արագիլների մոտ 60%-ը։ Մասնագիտական խումբն արդեն տեղորոշել և կազմել է այն ձկնաբուծարանների ցանկը, որոնցում հնարավոր է լինեն աղտոտման աղբյուրներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մշտադիտարկումները շարունակվելու են ամբողջ շաբաթվա ընթացքում, իսկ ՇՄ փոխնախարարի պաշտոնակատար Վարդան Մելիքյանը պատրաստվում է նամակ ուղղել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ տեսուչների ուղեկցությամբ ցանկում ներառված ձկնաբուծարաններ համատեղ այցելելու և ներսում ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով։

Ավելի վաղ բնապահպաններն ահազանգել էին, որ ՀՀ-ում կրկին արագիլների աղտոտում է նկատվել։ Նման դեպք գրանցվել էր նաև 2019-ին։ Կենդանաբանության ինստիտոտի մասնագետներն արագիլներին զննելուց հետո հայտարարել էին, որ իրավիճակը սոսկալի է, էկոլոգիական աղետ կա և կոչ էին արել պատասխանատուներին պարզել աղտոտման աղբյուրը: Պարզվել էր, որ արագիլների փետուրներին սննդային յուղ է եղել։