9 հուլիսի 2020 - 11:41 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսային վիճակը կայուն է, բայց ծանր․ Նոր ԲԿ-ներ են ծավալվում

ՀՀ-ում կորոնավիրուսի վիճակը կայուն է, բայց ծանր, չկա բացասական միտում, սակայն բացակայում է նաև դրականը, երկրում շարունակվում է հիվանդանոցների ծավալումը, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշել է, որ տանն իրենց բուժման հերթին սպասող քաղաքացիներ արդեն մի քանի օր է չկան, 13 հոգի սպասում է կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցներ տեղափոխվելուն։

«Այս թվերը նշանակում են, որ պատշաճ բուժօգնության կարիք ունեցողներին այն մատուցվում է, համակարգի ծանրաբեռնվածությունը մնում է լարված այնքանով, որ նոր մարտահրավերը մեծ ռիսկ է պարունակում բոլորիս համար։ Մենք պետք է շարունակենք ծավալված բոլոր հիվանդանոցների ինտենսիվ աշխատանքը, մոտակա շաբաթներին ու ամիսներին կլինեն նոր ծավալումներ»,-ասել է Թորոսյանը։

Նախարարը նշել է, որ ամբողջությամբ ծավալված է Սպիտակի ԲԿ-ն, 120 մահճակալը գրեթե ամբողջությամբ զբաղված է։ Սպասվում է, որ վերջնական կծավալվի նաև Մարտունու ԲԿ-ն։

Թորոսյանի խոսքով՝ ծավալման սպասող վերակենդանացման 3 բաժանմունք կա՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, «Միքայելյան վիրաբուժության» կենտրոնում և Էրեբունի ԲԿ-ում։ Մոտ մեկ շաբաթից ամբողջությամբ կծավալվի Էրեբունի ԲԿ-ն, ինչը թույլ կտա ընդհանուր պրոֆիլի բոլոր պացիենտներին տեղափոխել մոտ 25 մահճակալանոց վերակենդանացման բաժանմունք՝ գործող 50 մահճակալանոցն ամբողջությամբ կորոնավիրուսից բուժվողներին տրամադրելով։

Թորոսյանը նշել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի և Միքայելյան վիրաբուժության կենտրոնի ծավալումներն արագ չեն լինի, դրանք զրոյից են ստեղծվում, իսկ նախնական ժամկետով պատրաստ կլինեն մինչև սեպտեմբեր։ Նախարարի խոսքով՝ կան կանխատեսումներ, որ աշնանը կարող է վարակի բռնկում լինել, նման պարագայում այդ երկու ծավալված ԲԿ-ների ռեսուրսներն անհրաժեշտ կլինեն։

Հայաստանում հուլիսի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 30,346-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 535 դեպք կա, այլ պատճառով՝ 170։ Առողջացածների ընդհանուր թիվը 18,000 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,641 է։