9 հուլիսի 2020 - 11:47 AMT
Արցախում Covid-19-ի 1 նոր դեպք կա․ Գետավանի և Չափարի սահմանափակումները չեղարկվել են

Արցախում (Ստեփանակերտում) կորոնավիրուսային վարակի ևս 1 նոր դեպք է հաստատվել։ Վարակակիրը բուժանձնակազմից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Այսպիսով, ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի քանակը հասել է 142-ի:

Միաժամանակ, կորոնավիրուսով հիվանդ մեկ քաղաքացի առողջացել և թողել է մեկուսացման վայրը: Ընդհանուր առմամբ, հիվանդությունից ապաքինվել է 29 քաղաքացի:

Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկ հիվանդինը՝ միջին ծանրության: Covid-19 ախտորոշմամբ մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է:

Մեկուսացված է 78 անձ։ Ընդհանուր առմամբ կատարվել է 2468 թեստավորում:

ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի որոշմամբ վերացվում են Գետավան և Չափար համայնքներում կիրառվող ժամանակավոր սահմանափակումները:

Արցախում կորոնավիրուսով վարակից մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։