9 հուլիսի 2020 - 12:28 AMT
ԱԱԾ․ Կեղծ փաստաթղթերով պետսահմանի խախտման 26 դեպք կա

2020-ի առաջին կիսամյակում ՀՀ պետական սահմանի անցակետերում ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից բացահայտվել է կեղծ կամ այլ անձանց պատկանող փաստաթղթերով սահմանի հատման 26 դեպք:

Անցակետերից դուրս բացահայտվել է պետական սահմանի խախտման 5 դեպք, որի արդյունքում ձերբակալվել է 7 սահմանախախտ, ինչպես նաև բացահայտվել է սահմանային ռեժիմի խախտման 25 դեպք (56 անձ):

Սահմանապահ զորքերում հարուցվել է 10 քրգործ, որից 8-ը` նախնական օպերատիվ տեղեկատվության իրացման արդյունքում, 2-ը՝ սահմանի խախտման փաստերով:

Հաշվետու ժամանակահատվածում սահմանի անցակետերում հայտնաբերվել և սահմանված կարգով ՀՀ ոստիկանությանն է փոխանցվել հետախուզման մեջ գտնվող 367 անձ:

Սահմանի հյուսիսային տեղամասում շահագործման են հանձնվել նորակառույց սահմանապահ ուղեկալ և սպայական բնակարաններ, բարեկարգվել է պահպանության նշանակության 5,5 կմ երկարությամբ սահմանային ճանապարհ:

ՀՀ պետական սահմանի հարավային տեղամասում մեկնարկել են կապիտալ շինարարական և ինժեներական աշխատանքներ, որոնց շրջանակում նախատեսվում է հիմնանորոգել սահմանապահ 1 ուղեկալ, կառուցել նոր սպայական բնակարաններ, ինչպես նաև բարեկարգել սահմանային ճանապարհների ցանցը` սահմանի ամբողջ երկայնքով: