9 հուլիսի 2020 - 14:06 AMT
Անձնական տվյալների պաշտպանության մասին մատչելի ուղեցույց կկազմվի

Հուլիսի 9-ին Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ֆեյսբուքյան էջում անձնական տվյալների պաշտպանության մասին մատչելի օրինակներով ուղեցույց կհրապարակվի։ Այդ մասին հայտարարել է գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը։

Նա զգուշացրել է, որ կասկածելի կամ անծանոթից նամակ ստանալու դեպքում պետք չէ անցնել դրանում նշված հղումներով, գրում է Shantnews.am-ը։

Հայրապետյանը նշել է, որ հնարավոր է նաև նամակներ գան ծանոթների անունից՝ 1 տառի կամ սիմվոլի տարբերությամբ: Դրանք կարող են ստացվել հատկապես տարբեր բանկերի, կազմակերպությունների անունից:

Նա նաև հորդորել է գաղտնաբառ ընտրելիս օգտագործել սիմվոլների, տառերի, թվերի համադրություն և չօգտագործել նույն գաղտնաբառը մեկից ավելի հարթակում։

Ըստ մասնագետի՝ գործակալությունը պատրաստակամ է օգնել և անհատների, և կազմակերպությունների:

Վերջին շրջանում համացանցում կորոնավիրուսից մահացած և կոնտակտավոր անձանց անձնական տվյալներ են հայտնվել, նաև ադրբեջանցիները բազմաթիվ հայաստանյան փաստաթղթեր են հրապարակել համացանցում` անձնագրեր, բանակային փաստաթղթեր։