Վրաստանում հուլիսի 9-ի դրությամբ գրանցված կորոնավիրուսի 5 նոր դեպքից 1-ը հայտնաբերվել է հայաստանցի վարորդի մոտ։ Նա Կախեթի Գուրջաանիի շրջանի Չումլակի գյուղ էր եկել դեղձ գնելու նպատակով։
Հիվանդությունն ախտորոշվել է երկրորդ թեստավորման արդյունքում՝ սահմանը հատելիս վարորդի առաջին թեստի պատասխանը բացասական է եղել։ Այժմ վարակված վարորդը գտնվում է Բոչորիշվիլու անվան հիվանդանոցում, գրում է Sputnik Georgia-ն:
Չումլակիում աշխատում են համաճարակաբանները՝ փորձելով պարզել վարակակրի կոնտակտները։ Ըստ մասնագետների` խոսքը ներմուծված դեպքի մասին է, ուստի վարակի աղբյուրը հնարավոր չէ պարզել։
Հուլիսի 9-ի դրությամբ Վրաստանում գրանցված 5 նոր դեպքից 4-ը հայտնաբերվել է երկիր մուտք գործած բեռնատարների վարորդների մոտ։
Ընդհանուր առմամբ, Վրաստանում կորոնավիրուս է ախտորոշվել ՀՀ 5 քաղաքացու մոտ՝ նրանք հիմնականում բեռնատարների վարորդներ են։