11 հուլիսի 2020 - 10:45 AMT
€500,000-ի դրամաշնորհ ՀՀ-ին՝ Կովկասի բնության հիմնադրամից

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինին հեռակա կարգով նոր դրամաշնորհի պայմանագիր են ստորագրել՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում Հայաստանին սատարելու համար:

Ըստ դրա՝ Կովկասի բնության հիմնադրամը, ի լրումն Հայաստանի պահպանվող տարածքներին տրվող օժանդակության, ՀՀ կառավարությանը կտրամադրի ևս €500,000 բյուջետային աջակցություն:

Դրամաշնորհը հիմնականում կուղղվի «Դիլիջան» ազգային պարկ, «Արփի լիճ» ազգային պարկ, «Խոսրովի անտառ» պետական արգելոց և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ների ֆինանսավորմանը:

Կովկասի բնության հիմնադրամը Caucasus Nature Fund) ավելի քան 10 տարի Հայաստանում աջակցություն է ցուցաբերում բնության հատուկ պահպանվող տարածքներին, համաֆինանսավորում պահպանվող տարածքների ընթացիկ ծախսերը: 10 տարվա ընթացքում հիմնադրամը ավելի քան 5 մլն եվրոյի աջակցություն է հատկացրել ՀՀ-ին: