11 հուլիսի 2020 - 12:54 AMT
Հնագետները երկաթի դարում սպանված մարդու կմախք են գտել

Մեծ Բրիտանիայում արագընթաց ճանապարհի շինարարության վայրում աշխատող հնագետները երկաթի դարի մարդու կմախք են գտել։ Կմախքի երեսնիվայր դիրքն ու կապված ձեռքերը թույլ են տալիս ենթադրելու, որ նա սպանության զոհ է դարձել, ասվում է նախագծի պաշտոնական կայքում։

Ուելվիկ ագարակում պեղումների ժամանակ հայտնաբերված կմախքի հուղարկավորության անսովոր ձևը վկայում է, որ նրան կարող էին նաև մահապատժի ենթարկած լինել։ Դոկտոր Ռեյչել Վուդը գտածոն խորհրդավոր է անվանել։ Նա հուսով է, որ մասնագետները կկարողանան պարզել մահվան պատճառները, գրում է Lenta.ru-ն։

Բացի այդ, հնագետները նույն տարածքում հայտնաբերել են մոտ 4000 տարվա՝ նեոլիթից մինչև Միջնադար, մարդու գործունեության հետքեր։ Մասնավորապես, հայտնաբերվել է մեծ շրջանաձև հուշակոթող 65 մ տրամագծով փայտե սյուներից՝ Սթոունհենջի նման։ Եվս մեկ հետաքրքիր գտածո է կմախքը, որը հայտնաբերվել է երեսպատված ցինկե դագաղում։ Գիտնականները ենթադրում են, որ դա բարձր դիրք զբաղեցնող մարդ է եղել, քանի որ նա պետք է միջոցներ ունենար նման թանկարժեք հուղարկավորության համար։

Ավելի վաղ հնագետները հսկայական հուշակոթող էին հայտնաբերել Սթոունհենջի հարևանությամբ։ Օբյեկտը բաղկացած է ավելի քան 10 մ տրամագծով և 5 մ խորությամբ հորերից, որոնք մոտ 2 կմ տրամագծով շրջան են կազմում։ Հորերի տարիքը մոտ 4500 տարի է։