11 հուլիսի 2020 - 15:00 AMT
Արամ Ա․ Ո՞ւր էին արևմտյան աշխարհի ղեկավարները, երբ հայկական եկեղեցիները վերածվում էին ախոռների և մզկիթների

Թուրքիան շարունակում է իր նախագահի նախաձեռնությամբ հոգևոր ու մշակութային արժեքները ոտնահարելու, միջազգային օրենքով սահմանված սկզբունքներն անտեսելու և պատմությունը նենգափոխելու իր վարքագիծը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն` անդրադառնալով Թուրքիայում Սբ Սոֆիա տաճարը թանգարանից մզկիթի վերածելու որոշմանը։

Կաթողիկոսը նշել է, որ, թողնելով ներկայի և ապագայի իր ներքին և արտաքին շահերը, ինչպես նաև աշխարհաքաղաքական նպատակները, Թուրքիան նույնիսկ անտեսում է իր հին և նոր բարեկամների թելադրանքները, գիտակցաբար հարվածում է քրիստոնյա-իսլամ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված համակեցությանը, իր այս քայլով ապացուցում է, որ Արևմուտքին և քրիստոնյա համայնքներին բացահայտելու իր ցույց տված նշանները կեղծ են:

«Ո՞ւր էին արևմտյան աշխարհի ղեկավարները, քաղաքական թե հոգևոր, երբ Հայոց ցեղասպանությունից հետո հայ ժողովրդին պատկանող հազարավոր եկեղեցիներ ախոռների, սրճարանների, մզկիթների և այլ հանրային վայրերի վերածվեցին...

Այո՛, ցեղասպանությունն այլապես շարունակվում է նույն ցեղասպանի կողմից, աշխարհի լռության դիմաց: Օսմանյան կայսրության այլամերժ գաղափարախոսությունն այլապես թափանցում է ամեն տեղ՝ արաբական աշխարհից սկսած մինչև արմտյան երկրներ, աշխարհի լռության դիմաց»,- գրել է կաթողիկոսը:

Հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին։