14 հուլիսի 2020 - 14:34 AMT
Պեսկով. ՌԴ-ն պատրաստ է միջնորդել՝ հայ-ադրբեջանական սահմանին կայունության հաստատման համար

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին փոխհրաձգությունը խորն անհանգստություն է առաջացնում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ Մոսկվան պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Խորապես անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգությամբ: Կոչ ենք անում երկու կողմին զսպվածություն ցուցաբերել ու պահպանել հրադադարի ռեժիմով թելադրված: Ռուսաստանը, ինչպես բազմիցս հայտարարել ենք տարբեր մակարդակներով, լինելով Մինսկի խմբի համանախագահ երկիր, պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել կարգավորման համար», - նշել է նա:

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմից զոհեր չկան, հայտարարվել է 2 ոստիկանի ու 3 պայմանագրայինի վիրավորման մասին, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել:

Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, ապա՝ ԱԹՍ կիրառել Բերդի ուղղությամբ: Տուժածներ չկան։