30 հունվարի 2009 - 13:26 AMT
Ապրանքաշրջանառության ցուցանիշները Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ լավ հիմք են նոր հաջողությունների համար
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 29-ի երեկոյան Դավոսում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Մեր երկրի Նախագահն ու Ռուսաստանի կառավարության ղեկավարը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջեւ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների ու քաղաքական երկխոսության բարձր մակարդակը եւ նկատել, որ հաճախակի հանդիպումներն ու շփումները հնարավորություն են տալիս բարձր պահել համագործակցության զարգացման դինամիկան:

Կողմերն ամփոփել են տնտեսական փոխգործակցության բնագավառում 2008թ. արձանագրված դրական միտումները` վստահություն հայտնելով, որ երկու երկրների միջեւ տարեկան ապրանքաշրջանառությունը` արդեն 1 մլրդ դոլարի սահմանը գերազանցող ցուցանիշը լավ հիմքեր է ստեղծում հետագա հաջողությունների համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվող հարցերի լայն շրջանակի, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: