14 հուլիսի 2020 - 17:27 AMT
Մարտերում առաջին անգամ ՀՀ-ում արտադրված մարտական անօդաչու է կիրառվել

Հուլիսի 13-ին առաջին անգամ մարտական պայմաններում կիրառվել է հայկական արտադրության մարտական անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա գրառմանը կցել է ավելի վաղ հրապարակված «Գիշերային պատժիչ գործողություններ» տեսանյութը։

«Փայլուն արդյունքներ գրանցեցին: Կարծես նրանց հարվածի զոհ են դառել բարձրաստիճան զինվորականներ»,- գրել է նա:

Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է 11 սպանվածի և 4 վիրավորի մասին: Սպանվածներից երկուսը բարձրաստիճան զինվորականներ են՝ 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետը և նույն կորպուսի հրետանու պետը։

Տավուշում բախումների հետևանքով հայկական կողմը 2 զոհ ունի և 5 վիրավոր։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, ապա՝ ԱԹՍ կիրառել Բերդի ուղղությամբ: Տուժածներ չկան։