15 հուլիսի 2020 - 11:24 AMT
ԵԱՀԿ նախագահ. Անհապաղ վերականգնել հրադադարը, հուսամ՝ ուղիղ կապը կօգնի նվազեցնել լարվածությունը

ԵԱՀԿ գործող նախագահ Էդի Ռաման կոչ է արել անհապաղ վերականգնել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարը, քանի դեռ նոր զոհեր չեն եղել։ Նրա հայտարարությունը հրապարակվել է ԵԱՀԿ կայքում։

«Խորապես մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բռնության աճով, որի ականատեսն ենք լինում։ Կոչ եմ անում անհապաղ վերականգնել հրադադարը, քանի դեռ նոր զոհեր չեղ եղել․․․ Մենք պետք է անենք հնարավորը՝ նվազեցնելու հակամարտության ազդեցությունը մարդկային կյանքերի վրա և վերսկսենք բանակցությունները որքան հնարավոր է շուտ»,- նշել է նա:

Ռաման նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը սերտ կապի մեջ են կողմերի հետ՝ իրավիճակի կայունացման ջանքերի հարցում։

Նա հույս է հայտնել, որ 2019 թվականին Վիեննայում երկների առաջնորդների համաձայնությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված ուղիղ կապի մեխանիզմը կարող է օգտագործվել լարվածությունը նվազեցնելու նպատակով։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 13-ին հայտարարություն էին տարածել՝ դատապարտելով Տավուշում հրադադարի խախտումները։

«Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները և կոչ անում կողմերին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները հակամարտության հետագա էսկալացիան կանխելու համար, այդ թվում՝ նրանց միջև գոյություն ունեցող ուղիղ կապի ուղիների օգտագործմամբ: Մինսկի խմբի համանախագահները նաև կողմերին կոչ են արել հնարավորինս արագ վերսկսել առարկայական բանակցությունները և կարևորել ԵԱՀԿ դիտորդների վերադարձը տարածաշրջան, երբ թույլ տան հանգամանքները», - նշվում էր հայտարարության մեջ:

Իր հերթին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հուլիսի 14-ին վերահաստատել էր իր լիակատար աջակցությունն հայ-ադրբեջանական սահմանին վտանգավոր իրավիճակի կարգավորման և խաղաղ, բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի ձգձգվող հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու հինգ վիրավոր ունի՝ 2 ոստիկան ու 3 պայմանագրային, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուր համայնքները, հրետակոծության է ենթարկվել նաև Բերդ քաղաքը։