15 հուլիսի 2020 - 13:45 AMT
Հակառակորդը հուլիսի 14-ին կրակել է կոնյակի գործարանի, գերեզմանատան և տների վրա․ Քրգործ կա

ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է 3 քրգործ՝ հուլիսի 14-ին հակառակորդի կրակի դեպքերի առթիվ․ մասնավորապես, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու հատկանիշներով: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

Հուլիսի 14-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում, հակառակորդը կրակել է Բերդի կոնյակի գործարանի ուղղությամբ, արկերի պայթյունից վնասվել են գործարանի մեկ էմալապատ տարա և շենքերի ապակիները, իսկ գործարանի աշխատակիցների պատսպարված լինելու պայմաններում հանցագործությունն ավարտին չի հասցվել:

Հուլիսի 14-ին՝ ժամը 09։00-ից մինչև 12:00-ը, հակառակորդը կրակել է Այգեպարի 7 բնակչի առանձնատների ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել, իսկ առանձնատների արտաքին պատերը, պատուհանները և տանիքները հրավտանգ եղանակով վնասվել են:

Հուլիսի 14-ին՝ ժամը 10։00-ից մինչև 11։00-ը, հակառակորդը կրակել է Տավուշի գերեզմանատան ուղղությամբ, որի հետևանքով արկի պայթյունից վնասվել է շիրմաքար և գերեզմանի 3 մ երկարությամբ հենապատ:

Նշված քրգործերով կատարվում է նախաքննություն:

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Հայաստանն ունի 4 զոհ և մոտ 20 վիրավոր։ Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուր համայնքները, հրետակոծության է ենթարկվել նաև Բերդ քաղաքը։