16 հուլիսի 2020 - 09:10 AMT
Հակառակորդը Տավուշում դիվերսիայի փորձ է արել, Այգեպարն ու Մովսեսը հրետակոծվել են

Հուլիսի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել։ ՀՀ ԶՈւ դիրքապահները, նկատելով հակառակորդի շարժը, անցնել են շրջանաձև պաշտպանության և կանխել փորձը։ Այս մասին հայտնում է Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնը։

Նշվում է, որ թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։

Ադրբեջանական ստորաբաժանումները գիշերվա ընթացքում՝ ժամը 05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը շարունակվել է։

ՀՀ պաշտպանության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակել է Այգեպարի հրետակոծման տեսանյութը և նշել, որ հակառակորդը ստացել է արժանի պատասխանը։

Ըստ Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի՝ սա հուլիսի 15-ի ժամը 00:15-ից հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն է։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները չեզոքացնում են ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։