16 հուլիսի 2020 - 12:08 AMT
Ադրբեջանում օգտագործման ենթակա ընդամենը 2․7 մլրդ խմ ջուր է մնացել

Ադրբեջանում օգտագործման ենթակա ջրային պաշարները 2․7 մլրդ խմ են, այդ երկրի ջրամբարներում ներկայումս 11․3 մլրդ խմ ջուր կա, որից 8․6 մլրդ խմ-ն օգտագործման ենթակա չէ, հայտարարել է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Այս տարի ջրային պաշարների հետ կապված շատ լարված իրավիճակ է։ 20․5 խմ ընդհանուր ծավալով ջրամբարներում այս պահին 11․3 մլրդ խմ ջուր կա, որից 8․6-ը՝ օգտագործման ենթակա չէ»,- հայտարարել է նա։

Ըստ նրա՝ ջրի դեֆիցիտը կապված է կլիմայական փոփոխությունների, միջին ջերմաստիճանի բարձրացման, գետերի ջրի և հարևան երկրներից եկող ջրային պաշարների նվազման և մի շարք այլ հանգամանքների հետ։

Մուստաֆաևը նաև հայտնել է, որ նախագահ Իլհամ Ալիևի հրամանով ստեղծվել է հանձնաժողով՝ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և այդ գործընթացի կառավարման համար։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Կուր գետի ցամաքելու պատճառով Ադրբեջանը ջրային ռեսուրսների լուրջ խնդիր ունի։ Երկրում ոչ միայն ոռոգման, այլ նաև խմելու ջրի խնդիր կա։