16 հուլիսի 2020 - 13:38 AMT
Մարզպետ․ Հակառակորդի վնասած տները կվերականգնվեն, որոշների փոխարեն նորերը կկառուցվեն

Հուլիս 16-ի գիշերվանից ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի սահմանապահ գյուղերի հրետակոծությունը, հիմնանակում թիրախավորվել են Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը, Բերդ քաղքաը։ Վնասվել է 10-ից ավելի առանձնատուն, ինչպես նաև որոշ ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր հատվածում ջրագիծ, որի վերականգնողական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Քաղաքացիական բնակչությունը հրետակոծության ընթացքում հիմնականում գտնվել է ապաստարաններում և նկուղներում։ Տուժածներ չկան։

Նրա խոսքով՝ այժմ հարաբերական անդորր է, իսկ առավոտյան մոբիլիզացվել են մարզի քաղպաշտպանության բոլոր խմբերը։

«Ինտենսիվ աշխատանքներ են ընթանում քաղպաշտպանության բոլոր ուղղություններով և մեր բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։ Հայտարարվել է ներքին մոբիլիզացիա, մասնավորապես՝ պատսպարման առումով... Առավոտ շուտ ստեղծվել է հրետակոծված բնակավայրերի շինությունների գույքագրման հանձնաժողով: Վաղվանից պետք է սկսենք այդ տների վերականգնաման աշխատանքները։ Որոնք հնարավոր չի լինի վերականգնել, նորը կկառուցվի։ Այս պահի դրությամբ ունենք հաշվառած 30 բնակարան կամ առանձնատուն»,- ասել է մարզպետը։

Հուլիսի լույս 16-ի գիշերը ադրբեջանական կողմը դիվերսիայի փորձ է արել և հետ շպրտվել, այնուհետև սկսել է հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, Մովսես և Տավուշ գյուղերը, հրետակոծության է ենթարկել նաև Բերդ քաղաքը: Հուլիսի 15-ին սահամնային իրավիճակը համեմատաբար հանգիստ էր։