17 հուլիսի 2020 - 16:19 AMT
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծող Moderna-ի ակցիաներն աճել են 17%-ով

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վրա աշխատող Moderna ընկերության ակցիաները հուլիսի 14-ին աճել են 17%-ով, երբ հրապարակվել են պատվաստանյութի կլինիկական առաջին փորձարկումների արդյունքները, փոխանցում է «Վեդոմոստին»:

Սա հազվագյուտ դեպք է, երբ ընկերության ակցիաները բարձրանում են մի տեղեկությունից հետո, որը փաստացի նորություն չէ։

Հուլիսի 14-ին հայտարարվել էր, որ ընկերությունն ավարտել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման 1-ին փուլը։ Փորձարկումների բոլոր մասնակիցների մոտ կորոնավիրուսի հակամարմինների սինթեզ է խթանվել, և փորձարկման 67-րդ օրը նրանց մոտ հակամարմինների քանակը 2-4 անգամ գերազանցել է հիվանդությունը բնական ճանապարհով հաղթահարածների հակամարմինների քանակին:

Moderna-ի պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների առաջին փուլը սկսվել է մարտի կեսերին։ ԶԼՄ-ների ուշադրությունն այդ ժամանակ ևս բևեռված էր ընկերության վրա․ նրանք աշխարհում առաջինն էին, որ կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկում էին անում մարդկանց վրա։

Ապրիլի վերջին ընկերությունը փորձարկումների առաջին արդյունքը ներկայացրել է ԱՄՆ սննդամթերքի և դեղերի վերահսկողության կենտրոնին՝ թուլտվություն խնդրելով կլինիկական փորձարկումների երկրորդ փուլի համար։ Մայիսի 18-ի Moderna-ն ներկայացրել է պատվաստանյութի առաջին փորձարկման արդյունքների մասին տեղեկություններ, հայտարարվել էր, որ պատվաստանյութի շնորհիվ մարդու մարմնում հակամարմիններ են հայտնվում։

Ֆոնդային շուկաները բուռն էին արձագանքել հայտարարությանը և Moderna-ն NASDAQ-ում հենց նույն օրը հասել էր իր պատմական պիկին՝ $82,2-ի այդպիսով 4 ամսում 4 անգամ թանկանալով։

Moderna ընկերության հիմնադիրն ու ղեկավարը հայազգի գործարար Նուբար Աֆեյանն է։ Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ ինքն անձամբ բանակցություններ է վարում ընկերության ներկայացուցչի հետ՝ պատվաստանյութի ձեռքբերման համար։