20 հուլիսի 2020 - 20:16 AMT
«Բլոճիկները»` Բերդում. Ինչպես էր Արեգ Բալայանը նկարազարդում հրետակոծված քաղաքի պատերը

PAN Photo-ի և մի շարք այլ նախագծերի լուսանկարիչ Արեգ Բալայանը, որն արդեն 2 տարի է՝ նաև սթրիտ-արտով է զբաղվում և հայտնի է ամենաանսպասելի անկյուններում հայտնված իր «Բլոճիկներով», նկարազարդել է Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրետակոծված Բերդ քաղաքը:

Արեգը «Բլոճիկները» նախագիծ չի համարում, ասում է՝ դա նախագիծ չէ, հենց ինքն է, իր մի մասը, և «բլոճիկներ» կան բոլորիս մեջ:

Բերդում լուսանկարիչը հայտնվել էր աշխատանքի բերումով. գործընկերների հետ գնացել էր լուսանկարելու ադրբեջանական կրակի տակ ընկած հայկական բնակավայրերը, քանդված տներն ու տեղի բնակիչներին:

«Քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող հյուրանոցում էինք մնում: Գիշերը բան չկար անելու, որոշեցինք զբաղմունք գտնել: Հենց մեր հյուրանոցի դիմաց հին կիսակառույց ճոպանուղու կայանն էր, որը շատ հարմար բետոնե պատ ուներ: Մինչև էդ էլի հարմար պատ էինք գտել, բայց վրայի սվաղը լավը չէր, որոշեցի դրա վրա չնկարել, իսկ առավոտյան պարզեցի, որ ոստիկանության շենքի պատն է», - պատմում է Արեգը:

Այդպես էլ ընտրվեց ճոպանուղու կայանի պատը, որի վրա էլ Արեգն իր ընկերների կամ, ինչպես ինքն է ասում՝ «հանցակիցների» օգնությամբ պատկերեց Բերդի առաջին «բլոճիկին»՝ երկնագույն իշուկին փոքրիկ ծտի հետ:

«Գիշերվա միլիոնն էր, Բերդում՝ մութ, մարդ չկար, մեր օպերատոր Մամիկոնը լույս էր պահում, ես էլ նկարում էի: Նկարեցի ու գնացինք քնելու: Հաջորդ օրն արդեն քաղաքում բոլորը գիտեին, որ մենք ենք նկարել: Ու առաջին անգամն էր, որ ես «ապօրինի» որևէ տեղ նկար եմ արել, ու բոլորն այդքան դրական ռեակցիա էին տալիս: Ոչ մեկ չի դժգոհել, բոլորը մասսայաբար շատ դրական էին արտահայտվում», - նշում է Արեգը:

Ասում է՝ նկարն արել է, որպեսզի երեխաները քաղաք վերադառնալուն պես տեսնեն՝ ուրախանան:

Հաջորդ «բլոճիկը» հայտնվեց 2 օր անց՝ Բերդի գլխին գտնվող «Սորան» զբոսայգու ճանապարհին: Մի լքյալ մետաղական կառուցվածքի պատին հայտնվեց վառ դեղին փիսոն:

«Նկարելու ընթացքում մեզ «բռնացրեց» երիտասարդ սարկավագը, էլի շատ դրական արձագանքեց, մի քանի հարց տվեց, սիրուն տեղեր խորհուրդ տվեց, որ գնանք», - հիշում է Արեգը:

1 օր անց, երբ նա գործընկերների հետ վերադարձել էր «հանցանքի վայր»՝ փիսոյի մոտ, որպեսզի քաղաքն ու սարերը հարմար դիրքից նկարի, զավեշտալի ու նկարչի համար անսպասելի դեպք եղավ:

«Փիսոյի մոտ էինք, նկարվում էինք, երբ սկսեցինք հավաքվել, հեռվից մի մեքենա տեսանք մեզ մոտեցող՝ մեջը լիքը տղա: Ես էլ բոլորից մի քիչ հեռու իրերս էի դասավորում: Եկան, կանգնեցին, սկսեցին հարցուփորձ անել ընկերներիս՝ «ինչ կա, ինչ եք անում»: Ես արդեն տրամադրված, որ գուցե վեճ լինի, սկսեցի մոտենալ ու հենց էդ պահին Մամիկոնն ասաց. «Այ ինքն ա նկարել էս կատվին»: Փուռը տվեց ինձ: Մեկ էլ վարորդը վրդովված դեմքով նայեց վրաս ու շատ կտրուկ հարցրեց. «Ախպեր, բա խի՞ ես երկու հատ նկարել (նկատի ունենալով նաև ճոպանուղու իշուկին): Խի՞ շատ չես նկարում»: Ասացի, որ ներկերս չի հերիքել, ու ուրիշ գործով ենք այստեղ, ժամանակ էլ շատ չի եղել, բայց դա ինձ չփրկեց: Ասաց. «Ախպերս, ինչո՞վ օգնենք, ներկ բերենք, գանք, տանենք, բերենք...»: Շատ անսպասելի էր ու հաճելի: Սովորաբար մոտենում՝ մուննաթ են գալիս, թե ինչու եմ իրենց քաղաքում առանց իրենց հարցնելու բան նկարել, իսկ էս դեպքում մուննաթ էր, թե ինչու եմ քիչ նկարել», - ուրախ պատմում է Արեգը:

Ասում է, որ բացի 2 մեծ նկարից նաև մի քանի մանր «բլոճիկ» է թողել քաղաքի տարբեր շինությունների պատերին: Արեգի խոսքով՝ «բլոճիկները» լույս ու պոզիտիվ են բերում, որոնց կարիքը սահմանապահ քաղաքներում ու գյուղերում այժմ շատ կա:

Հուլիսի 12-ից 16-ի մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմն անօդաչու թռչող սարքերով թիրախավորել, հրետակոծել և ականակոծել է Տավուշի սահմանապահ Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը, Բերդ քաղաքը։

Հրետանակոծությունից տուժած բնակավայրերում վերականգնողական աշխատանքները մեկնարկել են հուլիսի 17-ից։