22 հուլիսի 2020 - 13:10 AMT
«1000 դրամի» հիմնադրամ. Նպատակն ունենք գումար տալ նաև 1998-2002թթ. զոհվածների ընտանիքներին

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նպատակ ունի փոխհատուցել 1998-2002 թվականներին զոհվածների ընտանիքներին։ Այս մասին Yerkir Media-ին հայտնել է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։

Նրա խոսքով՝ այս կապակցությամբ կայացվել է ռազմավարական որոշում՝ մոտ ապագայում կսկսվեն նաև այդ հատուցումները։

Տավուշյան բախումների ֆոնին կտրուկ աճել է հիմնադրամին արվող նվիրատվությունների թիվը․ հուլիսի 17-ից 21-ը նվիրաբերվել է 160,728,000 դրամ։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը («1000 դրամի» հիմնադրամը) սկսել է գործել 2017-ի հունվարից։

Այն նախատեսված է ՀՀ պաշտպանությանը և մարտական գործողություններին մասնակցելիս զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների, ինչպես նաև կամավորների ընտանիքներին միանվագ և ամսական գումարներ վճարելու համար: Հիմնադրամի միջոցները գոյանում են գրանցված աշխատողների աշխատավարձերից գանձվող 1000 դրամների և նվիրատվությունների հաշվին։

Թեև հիմնադրամի հատուցումներն ի սկզբանե տարածվում էին 2017-ից եղած դեպքերի վրա, դրա միջոցների աճին զուգահեռ որոշում էր կայացվել վճարել նաև 2008-ից 2017 թվականին զոհվածների և զինհաշմանդամ դարձածների ընտանիքներին։