22 հուլիսի 2020 - 17:43 AMT
Փաշինյան․ Վարակի ճգնաժամի հաղթահարման փուլում ենք

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ լարված, բայց տեսանելի է, որ առողջապահական համակարգի վրա ծանրաբեռնվածությունը թուլանում է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարող ենք զգուշավոր գնահատական տալ, որ մտնում ենք առողջապահական իմաստով կորոնավիրուսի ճգնաժամի հաղթահարման փուլ, եթե, իհարկե, շարունակենք պահպանել այն հակահամաճարակային կանոնները, որոնք սահմանված են»,- ասել է վարչապետը:

Փաշինյանը կարևորել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերջնականապես հսկողության տակ վերցնելը, որպեսզի կառավարությունը լիարժեք անցնի տնտեսական օրակարգի քննարկմանը:

Հուլիսի 22-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 35,693-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 678 դեպք կա, այլ պատճառով՝ 217։ Առողջացածների ընդհանուր թիվը 24,766 է։