25 հուլիսի 2020 - 14:09 AMT
«Սպայկան» ազատել է Մոսկվայի «Ֆուդ Սիթիում» իր տաղավարը

«Սպայկա» ընկերությունն ազատել է «Ֆուդ Սիթի» շուկայում ունեցած տաղավարը այն բանից հետո, երբ շուկայի ադրբեջանցի տերերն արգելել էին Հայաստանից ներմուծված միրգ-բանջարեղենի վաճառքն առևտրի կենտրոնում։ Այս մասին հայտնել է ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը, փոխանցում է Armlur.am-ը։

«Մենք իրենց պահվածքից անմիջապես հետո մեր հարաբերությունները խզեցինք և տաղավարն ազատեցինք։ Այսինքն, մենք չենք էլ ուզում իրենց հետ աշխատել ու գումար վճարել»,- ասել է ընկերության ներկայացուցիչը։

Կարեն Բաղդասարյանի խոսքով՝ եթե իրենք չեն թողնում իրենց սեփականության տակ հայկական ապրանքը վաճառվի, ապա դա այդքան էլ մեծ խնդիր չէ։

«Այս ամենն ուղղորդվում է Ադրբեջանի դեսպանատան, հատուկ ծառայությունների կողմից. ազգամիջյան կոնֆլիկտ են ուզում հրահրել Ռուսաստանի տարածքում և դա ոչ մեկին, իհարկե, պետք չէ, հատկապես՝ ռուս հասարակությանը»,- նշել է Բաղդասարյանը։

Հուլիսի 12-ից Տավուշում ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների ֆոնին աշխարհի տարբեր վայրերում ադրբեջանցիները հայերին սադրում են ազգամիջյան բախումների։

Մոսկվայում Ադրբեջանցի միլիարդատերերին պատկանող խոշոր շուկաներում, այդ թվում «Ֆուդ Սիթիում», արգելել էին հայկական մրգերի և բանջարեղենի վաճառքը։ Հայ ֆերմերները պատմում են, որ իրենց առաջարկել էին հանել հայկական տարբերանշանը և անցկացնել շուկա։ Նրանք հրաժարվել էին։

Հուլիսի 18-ին ՀՀ դեսպանատան և գործարարների ջանքերով հայ մատակարարներին գյուղմթերքի իրացման 3 այլ կետ էր առաջարկվել։ Այնուհետև հուլիսի 19-ին ՀՀ դեսպանը հայտնել էր, որ «Ֆուդ Սիթին» համաձայնել է ընդունել հայկական գյուղմթերքը։