25 հուլիսի 2020 - 15:32 AMT
ՌԴ հայերի միություն․ Ադրբեջանցիների հետ միջադեպում ձերբակալված 7 հայ ազատ է արձակվել

Մոսկվայում՝ Լյուբերցիում, ձերբակալված 7 հայ դիմել է Ռուսաստանի հայերի միության թեժ գծին, նրանք հուլիսի 25-ի առավոտյան ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում է ՌՀՄ ֆեյսբուքյան էջը:

Հայտնի է, որ Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպից հետո ընդհանուր 13 ձերբակալված կար։

ՌՀՄ-ն հորդորել է չտրվել նաև ադրբեջանցիների կազմակերպված խմբերի կողմից հարձակման ենթարկված իրենց հայրենակիցների հուզական վիճակի վրա խաղացող նորաթուխ «հասարակական գործիչների» սադրիչ ելույթներին:

«Այդ տխրահռչակ գործիչները ոչինչ չեն որոշում անգամ իրենց ընտանիքում, սակայն հանուն ֆեյսբուքյան լայքերի անպատասխանատու կոչեր են հրապարակում և ելույթ ունենում իրենց ժողովրդին և երկիրը խայտառակող ուղիղ եթերներում՝ վնասելով և խառնելով մեր համայնքը: Զգոնություն: Հանգստություն: Կապ ենք պահպանում միմյանց հետ», - գրել է ՌՀՄ էջը:

Հուլիսի 12-ից Տավուշում ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների ֆոնին աշխարհի տարբեր վայրերում ադրբեջանցիները հայերին սադրում են ազգամիջյան բախումների։

Մոսկվայում հուլիսի 23-ի երեկոյան ադրբեջանցիները խմբով հարձակվել էին հայկական համարներով մեքենաների ու միայնակ քայլող հայերի վրա։ Ֆեյսբուքյան էջերից մեկում տարածված տեսանյութում երևում է, որ մի խումբ ադրբեջանցի հավաքվել է մեքենայում գտնվող հայի շուրջ, ոտքերով հարվածել մեքենային, ծեծել վարորդին։ Մեկ այլ խումբ այգում ոտքերով մի քանի անգամ հարվածել է հային և հարցրել՝ «Ղարաբաղն ումն է»։