29 հուլիսի 2020 - 10:57 AMT
ՌԴ ԱԳՆ աղբյուր․ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում 3+2 հանդիպումը կարող է աշնանը կայանալ

ԵԱՀԿ ՄԽ 3 համանախագահի (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) և ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների 3+2 ձևաչափով հանդիպումը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ կարող է աշնան սկզբին անցկացվել, եթե երկու պետութան հարաբերություններում իրավիճակը թույլ տա, նաև կորոնավիրուսի պանդեմիայի դինամիկան։ Այդ մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ աղբյուրը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ աղբյուրի՝ «շփումները ԵԱՀԿ ՄԽ շրջանակում մշտական ռեժիմով են ընթանում, ամեն օր համանախագահների միջև»։

«Հիմա գլխավորն իրավիճակը լիցքաթափելն է, որը շարունակում է բավականին լարված մնալ Ադրբեջանի և ՀՀ սահմանին, ինչպես նաև ակտիվացնել դիվանագիտական հանգուցալուծման որոնումը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում», - ասել է աղբյուրը ՌԴ ԱԳՆ-ում։

Նա նշել է նաև, որ հնարավոր հանդիպման վայրը դեռ որոշված չէ, այն կարող է տեղի ունենալ ցանկացած վայրում։

Հուլիսի 12-16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 5 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-21-ը սահմանին հարաբերական հանգիստ վիճակ է եղել։ Հուլիսի 21-ին Ադրբեջանը գրոհել է հայկական «Անվախ» դիրքի վրա և ետ շպրտվել։ Հուլիսի 22-ից հարաբերական կայուն վիճակը վերականգնվել է։

Հուլիսի 29-ին Ադրբեջանն ու Թուրքիան լայնածավալ համատեղ զորավարժություններ են սկսում՝ Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Կյուրդամիրում և Եվլախում։ Ըստ ծրագրի՝ ցամաքային զորքերի ներգրավմամբ զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում, իսկ ռազմական ավիացիայի մասնակցությամբ՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը՝ Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Կյուրդամիրում և Եվլախում։

Ընթերցեք նաև․ ՊՆ ղեկավարը և ՌԴ դեսպանը քննարկել են ռազմական գործակցության խնդիրները