Սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների ջրի, գազի ու էլեկտրաէներգիայի վարձավճարները կվճարի պետությունը: Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ յուրաքանչյուր տարվա համար Կառավարությունը կսահմանի փոխհատուցման չափ՝ պայմանավորված շահառուների թվի և ծառայությունների սակագների փոփոխությամբ։
2020-ին յուրաքանչյուր շահառուի տրամադրվող գումարի չափը կազմում է 144,000 դրամ, այն անկանխիկ եղանակով բանկ կփոխանցվի այդ նպատակով բացված հաշվեհամարին։ Գումարը կանխիկացնել կամ այլ նպատակով օգտագործելն արգելվում է։
Նախարարի խոսքով՝ նպատակն է մեղմել սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սոցիալական վիճակը:
«ՀՀ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ներկա դրությամբ բնակվում է ավելի քան 250 անձ, որից 74-ն են միայնակ»,– հայտնել է նախարարը։
Մինչև այս սոցիալական տունը միայնակ թոշակառուներին տրամադրում էր միայն կացարան, երբեմն էլ` սոցիալական որոշ ծառայություններ, սակայն կոմունալ ծառայությունների դիմաց վճարում է բնակիչը, որը հոգում է նաև իր բոլոր անհրաժեշտ ծախսերը` սննդի, հագուստի, կենցաղի հետ կապված: