3 օգոստոսի 2020 - 14:38 AMT
Խաչատուրյան ավագ քույրերի գործը երդվյալ ատենակալների դատարանը կքննի

Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան երկու ավագ քույրերի գործը Մոսկվայի քաղաքային դատարանը կքննի երդվյալ ատենակալների մասնակցությամբ։ Նրանց ընտրությունը կսկսվի օգոստոսի 31-ին, գրում է ՏԱՍՍ-ը։

Մոսկվայի քաղաքային դատարանը Խաչատուրյան երկու ավագ քրոջ քրգործով մինչդատական նախապատրաստման ընթացքում երկարացրել է նրանց խափանման միջոցն ու լրացուցիչ արգելել մասնակցությունը զանգվածային միջոցառումներին։ Այդ մասին տեղեկացրել է աղջիկների փաստաբաններից Ալեքսեյ Լիպցերը։

«Որոշակի գործողությունների արգելքի տեսքով աղջիկների խափանման միջոցը երկարացվել է։ Դատարանը լրացուցիչ արգելել է նրանց միջոցառումների մասնակցել»,- ասել է նա։

Խաչատուրյանների փաստաբանները դեմ են եղել դատախազության այդ միջնորդությանը և խնդրել փոխել աղջիկների խափանման միջոցը՝ փոխարինելով այն քաղաքից չհեռանալու ստորագրությամբ և պատշաճ վարքագծի պահպանմամբ։

Աղջիկներին նաև արգելված է օգտվել համացնացից, շփվել միմյանց, դատավարության մասնակիցների և ԶԼՄ-ների հետ։

Մոսկվայի քաղաքային դատարանը հրաժարվել է Խաչատուրյան քույրերի գործը դատախազություն վերադարձնել։ Դատարանը նաև հրաժարվել է գործը փոխանցել Մոսկվայի Բուտիրսկի շրջանի դատարան, որտեղ քննվելու է կրտսեր քրոջ գործը։

Խաչատուրյան քույրերը մեղադրվում են իրենց հոր՝ Միխայիլի սպանության մեջ, որը կատարվել է 2018-ին։ Նրանք խոսոտավնել են սպանությունը և հայտարարել, որ հայրը սիստեմատիկ ֆիզիկական բռնություն է գործադրել իրենց հանդեպ, ինչպես նաև պարտադրել նրանց սեռական բնույթի գործողությունների: Դա ազդել է աղջիկների հոգեկան վիճակի վրա։

Հետաքննությունն ավարտին է մոտեցել 2019-ի հունիսին: Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել քույրերին ՌԴ Օրենսդրության «Խմբակային սպանություն միտումնավոր դիտավորությամբ» հոդվածով: Ավագ և միջնեկ քույրերին 8-20 տարվա ազատազրկում է սպառնում, իսկ կրտսերն անմեղսունակ է ճանաչվել և ազատվել քրեական պատասխանատվությունից:

Մայիսին հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը դիմել են ՄԱԿ-ի կանանց հանդեպ բռնության գծով հատուկ զեկուցող Դուբրավկա Սիմոնովիչին՝ խնդրելով դիմել ՌԴ իշխանություններին, որպեսզի իրենց գործերը դատարանում միավորվեն։