4 օգոստոսի 2020 - 17:18 AMT
Գիտնականներ․ 76 մլն տարի առաջ ապրած դինոզավրը ոսկրի քաղցկեղ ուներ

Գիտնականները 76 մլն տարի առաջ ապրած դինոզավրի նրբոլոքային ոսկորն ուսումնասիրելուց հետո առաջին անգամ հայտնաբերել են, որ նրանք նույնպես ունեցել են ոսկրերի ագրեսիվ և չարորակ քաղցկեղ՝ օստեոսարկոմա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ոսկորը հայտնաբերվել է 1989 թվականին՝ Կանադայում, և պահվել հնէաբանական թանգարանում։ Գիտնականները տարիներ անց տարակուսել են ախտորոշման կապակցությամբ, ըստ որի՝ ոսկորի վնասվածքը կոտրվածքի հետևանք է։ Մի շարք բարդ անալիզներից և հետազոտություններից հետո հնարավոր է դարձել ճիշտ ախտորոշում կատարել։

Քաղցկեղը, հավանաբար, ծանր հետևանքներ է ունեցել և դինոզավրին ավելի խոցելի է դարձրել տիրանոզավրերի նկատմամբ: Հավանական է, որ դինոզավրը կարողացել է ավելի երկար գոյատևել խմբով ապրելու շնորհիվ։ Ամենայն հավանականությամբ, դինոզավրը մահացել է ոչ թե հիվանդությունից, այլ ջրհեղեղից իր խմբի մյուս անդամների հետ: