4 օգոստոսի 2020 - 15:50 AMT
Կալիֆոռնիայի նահանգապետ․ Սան Ֆրանցիսկոյի դպրոցի հակահայկական գրաֆիտին զզվելի է

Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի պատին հայտնված հակահայկական գրաֆիտին զզվելի է, իսկ ատելության նմանատիպ դրսևորումը տեղ չունի Կալիֆոռնիայի նահանգում, հայտարարել է նահագապետ Գեյվին Նյուսոմը։

Նահանգապետը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է հրապարակել հայկական դպրոցի պատերին արված ատելության խոսքերով գրությունների մասին՝ դրան կցելով նաև իր մեկնաբանությունը։

Հուլիսի 24-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Սան Ֆրանցիսկոյի ԳԶՎ Ազգային վարժարանի շենքը։ Դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 12-16-ի հայ-ադրբեջանական բախումներից հետո ողջ աշխարհում հայերի և ադրբեջանցիների հարաբերությունների լարման ֆոնին։