10 օգոստոսի 2020 - 17:16 AMT
Վրացական Սվանեթի որոշ գյուղերում կարանտին կսահմանվի

Վրաստանի բարձրադիր Սվանեթի որոշ գյուղերում՝ Մեսթիայում, Ուշգուլիում և Լենջերիում, կարանտին կսահմանվի՝ շրջանում Covid-19-ի 17 նոր դեպք է գրանցվել։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Խոջևանիշվիլին Միջգերատեսչական համակարգման խորհրդի նիստից հետո։

Օգոստոսի 10-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 25 նոր դեպք է գրանցվել, որից 17-ը՝ Մեսթիայում։ Բոլոր պացիենտները տեղափոխվել են Թբիլիսիի, Քութայիսի և Զուգդիդիի հիվանդանոցներ, գրում է Sputnik Georgia-ն։

Ըստ Խոջևանիշվիլիի, սահմանափակվել է երթևեկությունը վերոնշյալ գյուղերի միջև։ Գործում են դեղատները, մթերային խանութներն ու բանկերը։

Մեսթիայի մունիցիպալիտետում լայնածավալ թեստավորում կիրականացվի։ Մեսթիան լքած բոլոր քաղաքացիները պարտադիր թեստավորում կանցնեն։

Այն քաղաքացիները, որոնք վերջին 2 շաբաթում այցելել են վերոնշյալ գյուղեր, պետք է դիմեն համապատասխան կենտրոն կամ զանգահարեն 112 հեռախոսահամարով՝ ստուգելու համար ախտանիշների առկայությունը։

Բնակավայրերի մուտքերն ու ելքերը կհսկվեն ոստիկանության կողմից։ Տեղում ստեղծվել է իրավիճակի վերահսկման տարածաշրջանային շտաբ։

Վրաստանի կառավարական StopCov կայքի տվյալներով՝ վարակակիրների ընդհանուր թիվը համաճարակի բռնկումից ի վեր 1250 է, որից 1010-ն ապաքինվել է։ Մահացել է 17 հիվանդ։ Կարանտինում 7068 մարդ կա, բժիշկների հսկողության տակ 242 անձ է։