11 օգոստոսի 2020 - 15:29 AMT
Սվանեթում գտնվող զբոսաշրջիկները ևս կարանտինում են հայտնվել

Վրացական Սվանեթում գտնվող ավելի քան 500 զբոսաշրջիկ կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով ևս կարանտինում կլինի։ Զբոսաշրջիկների մի մասը Մեսթիայից ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխվել է այլ շրջանների կարանտինային գոտիներ։

171 անձ արդեն տեղափոխվել է Աջարիայի կարանտինային գոտիներ, 343 անձ տեղի հյուրանոցներում է տեղավորվել, գրում է Sputnik Georgia-ն։

Զուգահեռաբար զանգվածային ՊՇՌ թեստավորում է իրականացվում։

Այն անձանց, որոնք ցանկանում են հեռանալ Մեսթիայից, Զբոսաշրջության ազգային վարչությունն ապահովում է տեղափոխում այլ շրջանների կարանտինային գոտիներ։

Վրաստանի բարձրադիր Սվանեթի որոշ գյուղերում՝ Մեսթիայում, Ուշգուլիում և Լենջերիում, կարանտին կսահմանվի՝ շրջանում Covid-19-ի 17 նոր դեպք է գրանցվել։ Սահմանափակվել է երթևեկությունը վերոնշյալ գյուղերի միջև։ Գործում են դեղատները, մթերային խանութներն ու բանկերը։ Բնակավայրերի մուտքերն ու ելքերը կհսկվեն ոստիկանության կողմից։ Տեղում ստեղծվել է իրավիճակի վերահսկման տարածաշրջանային շտաբ։