11 օգոստոսի 2020 - 18:49 AMT
Ծառուկյանի պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պաշտպանները Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել են Վճռաբեկ դատարանում, հայտնել է պաշտպան Սմբատ Մինասյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

«Երեկ երեկոյան բողոք ներկայացրինք, քանի որ այսօր Վերաքննիչի կայացրած որոշման բողոքարկման վերջին օրն էր։ Վերաքննիչի որոշման մեջ կան կետեր, որոնք մեր սրտով չեն։ Խոսքն անձեռնմխելիության հաղթահարման, քաղաքական հետապնդման, քրգործ հարուցելու և հիմնավոր կասկածի օրինականության մասին է»,– ասել է Մինասյանը։

Պաշտպանը հիշեցրել է, որ Վերաքննիչը որոշել էր բեկանել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը (դատարանը մերժել էր Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու ԱԱԾ-ի միջնորդությունը)` այն առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելով։

Մինասյանն ասել է, որ վերաքննիչը որոշել է նոր քննության ուղարկել գործը, քանի որ, ըստ հիմնավորման` առաջին ատյանի դատարանը լավ չի հետազոտել փաստաթղթերը։

Վճռաբեկ դատարանը 2 ամսում պետք է որոշի՝ ընդունել վարույթ Ծառուկյանի պաշտպանների բողոքը, թե ոչ։

ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։