14 օգոստոսի 2020 - 12:43 AMT
Թանդիլյանի պատգամավորական մանդատը կանցնի Ստեփան Ստեփանյանին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանի պատգամավորական մանդատը կանցնի ռեյտինգային ընտրակարգով նրան հաջորդող ամենաշատ ձայներ ստացած թեկնածուին` Ստեփան Ստեփանյանին։

ԼՀԿ ցուցակով թիվ 4 ընտրատարածքից ստացված պատգամավորական մանդատը օրենքով սահմանված կարգով դադարելուն պես անցնելու է ռեյտինգային ընտրակարգով նրան հաջորդող ամենաշատ ձայներ ստացած թեկնածուին։

Ստեփան Ստեփանյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի տարածքային խորհրդի անդամ է:

Ստեփանյանը ծնվել է 1988 թ. մայիսի 30–ին: 2005-2010 թթ. սովորել և ավարտել է Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերություններ բաժինը` որակավորվելով որպես քաղաքագետ-միջազգայնագետ: 2011-ից առ այսօր դասավանդում է ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում:

2014-2016 թթ. դասավանդել է Հայաստանում ֆրանսիական քոլեջում։2011-2018 թթ. աշխատել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ՓԲԸ–ում զբաղեցնելով տարբեր պաշտոններ:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը հայտարարել է, որ վայր է դնում պատգամավորական մանդատն առողջական խնդիրների պատճառով։ Նա նաև դադարեցնում է գործունեությունը որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ։