ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կամավոր ինքնամեկուսացման կամ շփումների սահմանափակման կոչ է արել աշակերտներին և ուսանողներին։ Այդ մասին նախարարը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։
«Նոր սահմանափակումներից խուսափելու համար խնդրում ենք հնարավորության դեպքում սեպտեմբերի 1-14-ն ապահովել աշակերտների, ուսանողների շփումների սահմանափակում՝ կամավոր մեկուսացում, որպեսզի առավելագույնս կտրենք համավարակի տարածման շղթաները և մեկնարկի առաջին օրվանից վիրուսը չբերենք դպրոց՝ օգնելով նաև առողջապահական համակարգին էլ ավելի նվազեցնել վարակվածների թիվը»,- ասվում է գրառման մեջ։
Շփումների զգալի սահմանափակումը, ըստ նրա՝ մեծ հավանականությամբ կօգնի ուսումնական գործընթացը շարունակել առանց շեղումների՝ արդեն հաստատված դասացուցակներով և ծրագրերով:
Բուհերում և հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացը մեկնարկում է սեպտեմբերի 15-ից (բացառությամբ առաջին կուրսի ուսանողների): Բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար դասապրոցեսը կսկվի սեպտեմբերի 1-ից:
ՀՀ-ում մարտից կորոնավիրուսի համավարակի պատճառով դպրոցներում և բուհերում դասապրոցեսն ընթացել է հեռավար եղանակով։