18 օգոստոսի 2020 - 15:48 AMT
Լորիս Ճգնավորյանը` Books for Peace Awards 2020-ի դափնեկիր

Իրանահայ հայտնի կոմպոզիտոր և դիրիժոր Լորիս Ճգնավորյանը դարձել է Books for Peace Awards 2020 մրցանակի դափնեկիր։ Այս մասին տեղեկացնում է Тehrantimes.com կայքը։

Մրցանակաբաշխությունը կայանալու է Հռոմում սեպտեմբերի 12-ին:

Books for Peace Awards 2020 միջազգային մրցանակաբաշխությունն անցկացվում է 2017 թվականից։ Մրցանակը տրվում է արվեստի միջոցով խաղաղությանը նպաստելու համար։

Ճգնավորյանը կարանտինի ընթացքում երաժշտություն է գրել նաև կորոնավիրուսի համաճարակի մասին։ 12 րոպեանոց ստեղծագործությունը 3 մաս ունի՝ «Գրոհ», «Մահ» և «Կյանք»։ Երաժշտությունը կոչվում է Corona:

Երաժիշտը ծնվել է 1937թ. հոկտեմբերի 13-ին, Իրանի Բորուջերդ քաղաքում։ Նա հեղինակել է ավելի քան 70 ստեղծագործություն, ներառյալ «Աղավնու վանքը» (1961թ.), «Ռոստամ և Զոհրաբ» (1962-64թթ), «Փարդիս և Փարիսա» (1972թ.) օպերաները, «Ֆանտաստիկ» (1958-61թթ), «Սիմորգ» (1975թ.), «Օթելլո» (1984թ.) բալետները, օրատորիաներ, 5 սիմֆոնիա, կոնցերտներ, նվագախմբային սյուիտներ, խմբերգեր, կինոերաժշտություն և այլն: