ԱՄՆ-ի Հարավային Լեյք Թահոյի բնակչի մոտ ժանտախտ է հայտնաբերվել, Կալիֆոռնիայիում սա հիվանդության հաստատման առաջին դեպքն է՝ 2015-ից հետո, փոխանցում է CNN-ը։
Նահանգի առողջապահական ոլորտի պատասխանատուները նշում են, որ տեղացին վարակվել է լվի խայթոցից հետո։
Վարակակիրը բուժվում է տանը, գտնվում է բուժաշխատողի հսկողության տակ։
Ժանտախտի ախտանշանները հաճախ հայտնվում են վարակվելուց երկու շաբաթ անց՝ ուղեկցվելով տաքությամբ, թուլությամբ, սրտխառնոցով։ Ժանտախտի դեպքում հակաբիոտիկային բուժումը կարող է արդյունավետ լինել, եթե հիվանդությունը վաղ է հաստատվել։
Մասնագետները նշել են, որ իրենք դեռ ուսումնասիրում են կոնկրետ դեպքն ու ասել, որ մարդու վարակման դեպքերը հազվադեպ են, բայց լուրջ հետևանքներ կարող են ունենալ։
Կալիֆոռնիայում ժանտախտի վերջին դեպքը 2015-ի է եղել, վարակվել է երկու հոգի։ Նրանք երկուսն էլ բուժվել ու առողջացել են։ Դրանից առաջ ԱՄՆ-ում ժանտախտի դեպք 2006-ին է գրանցվել։