19 օգոստոսի 2020 - 10:33 AMT
Բեյրութից ՀՀ է վերադարձել լիբանանահայերի երկրորդ խումբը

Օգոստոսի 18-ին Բեյրութից Հայաստան է վերադարձել մոտ 100 լիբանանահայ, որոնց թվում՝ 21 երեխա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։

Նույն չվերթով Հայաստան են վերադարձել նաև Սիրիայից և Միացյալ Էմիրություններից հայեր։

Օգոստոսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով մոտ 100 քաղաքացի վերադարձել է Հայաստան։

Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։ Կառավարությունն աջակցություն է խնդրել բարեկամ երկրներից։