20 օգոստոսի 2020 - 12:18 AMT
Հայկական արտադրության նոր հարվածային ԱԹՍ է փորձարկվում

Հայկական արտադրության նոր հարվածային անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) է փորձարկվում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Հայկական ռազմարդյունաբերության հերթական ձեռքբերումը։ Փորձարկվում է նոր տեսակի հարվածային ԱԹՍ»,- ասվում է գրառման մեջ։

Նախարարը նաև տեսանյութ է հրապարակել։

Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ի գործողությունից կադրեր էր հրապարակել։ Հուլիսի 29-ին ԲՏԱ նախարարը 3-րդ բանակային կորպուսի հրամանատարության հետ քննարկվել էր հայկական ԱԹՍ-ների և ՀՕՊ-ի կիրառումը հուլիսի մարտերում։

Ավելի վաղ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ հայ ինժեներները սկսել են բարելավել հայկական ԱԹՍ-ները։ Հովհաննիսյանը նաև հայտնել էր, որ հայկական արտադրության առաջին հարվածային ԱԹՍ-ը փորձարկվել էր մարտական պայմաններում հուլիսի 13-ին՝ հայ-ադրբեջանական սահմանային բախումների ժամանակ։