21 օգոստոսի 2020 - 15:33 AMT
Փաշինյան. Հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին՝ ԼՂ հարցը չունի ռազմական լուծում

Հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում, ժամանակն է, որ Ադրբեջանի իշխանությունը սա ընդունի, Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ նախկինում բազմիցս ասել է՝ եթե ԼՂ հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի ժողովուրդը կարող է արձանագրել, որ վաղուց այդ հարցը լուծել, ավարտել է:

Վարչապետը հայտարարել է, որ ԱԽ նիստին ամենակարևոր արձանագրումը, որ պետք է արվի, այն է, որ ՀՀ-ն ի վիճակի է սպասարկել անվտանգային իր մարտահրավերները:

«Արցախի հարցը պետք է կարգավորվի խաղաղ բանակցային ճանապարհով, և ՀՀ դիրքորոշումը, ըստ էության, միշտ էլ եղել է սա, ընդ որում՝ անկախ կառավարությունների և իշխանությունների քաղաքական ծագումնաբանությունից»,- ասել է Փաշինյանը:

Փաշինյանը նաև անդրադարձել է տարածաշրջանում Թուրքիայի գործունեությանը՝ նշելով, որ այդ երկրի ապակայունացնող և ապակառուցողական գործունեությունն էական անհանգստություններ և մտահոգություններ է առաջացնում ինչպես Մերձավոր Արևելքի, այնպես էլ Եվրասիական, Եվրոպական տարածաշրջանների գործընկերների մոտ:

2020-ի հուլիսի 12-ից 16-ին Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական կողմը նախահարձակ սադրիչ գործողություններ էր ձեռնարկել, ինչի արդյունքում սահմանային մարտեր էին սկսել: Հուլիսյան դեպքերից հետո 5 հայ զինվոր էր զոհվել, ադրբեջանական կողմից 12 զոհի մասին էր հայտարարվել: