24 օգոստոսի 2020 - 14:00 AMT
Ադրբեջանի ՏԻՄ մարմիններում ձերբակալությունները շարունակվում են․ Հերթը Գյանջայինն է

Օգոստոսի 23-ից Ադրբեջանի գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունը գործողություններ է իրականացնում Գյանջայի (Գանձակ) գործադիր իշխանության մարմնում։ Կան ձերբակալված նախկին պաշտոնյաներ, APA-ի փոխանցմամբ, հայտնել է դատախազությունը։

Turan-ը գրում է, որ իրադարձությունները, ամենայն հավանականությամբ, կզարգանան ստուգված սցենարով՝ կձերբակալվեն նաև ղեկավարը և նրա տեղակալները, հանրությանը կցուցադրվեն կաշառակերության ապացույցներ, գանձապահարանի բովանդակությանը և պաշտոնյաների սրտաբաց խոստովանությունները տեսախցիկների առաջ։

Փորձը ցույց է տվել, որ իրավապահների՝ գերատեսչություններ այցերին սովորաբար հետևում են բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններ կամ ձերբակալություններ։

Վերջին ամիսներին ծառայությունն այցելել է ՏԻՄ մարմիններ, մշակույթի նախարարություն, Պետական սահմանապահ ծառայություն, սոցապնախարարություն, արտգործնախարարություն, ձերբակալվել են ՏԻՄ ղեկավարներ, ՊՍԾ ղեկավարը, մշակույթի փոխնախարարը և այլ պաշտոնյաներ։ ԱԳՆ այցից հետո երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հեռացվեց պաշտոնից՝ վատ աշխատելու համար։

Կարծիք կա, որ նման հակակոռուպցիոն արշավների նպատակն է Ադրբեջանի ժողովրդի շրջանում կորոնավիրուսի խորացրած սոցիալական դժգոհությունները բավարարել և իշխող Ալիևներին պատասխանատվությունից ազատել։