26 օգոստոսի 2020 - 14:19 AMT
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանային զարգացումները

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցում քննարկել են հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանային զարգացումները և այս համատեքստում ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը:

Մնացականյանն ընդգծել է տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության պահպանմանն ուղղված հայ-ռուսական գործակցության կարևորությունը։

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նաև մտքեր են փոխանակել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի շուրջ։

Ավելի վաղ Լավրովը՝ խոսելով հայ-ադրբեջանական պետական սահմանին հուլիսյան սրման մասին, ասել էր, որ «յուրահատուկ դեր խաղաց աշխարհագրությունը՝ հայկական կողմը որոշել էր վերականգնել սահմանային հին անցակետը, որը 15 կիլոմետր է հեռու ադրբեջանական խողովակաշարերից, ինչն առաջացրեց ոմանց անհանգստությունը, այլոց չարդարացված արձագանքը, և արդյունքում՝ դիմակայություն ամենաանկանխատեսելի հետեւանքներով»:

2020-ի հուլիսի 12-16-ը Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական կողմը նախահարձակ սադրիչ գործողություններ էր ձեռնարկել, ինչի արդյունքում սահմանային մարտեր էին սկսել: Հուլիսյան դեպքերից հետո 5 հայ զինվոր էր զոհվել, ադրբեջանական կողմից 12 զոհի մասին էր հայտարարվել: