26 օգոստոսի 2020 - 18:25 AMT
Փոխնախարար․ Եթե դպրոցում Covid-19-ի դեպքերը լինեն 10%-ից ավելի, այն կփակվի

Եթե կորոնավիրուսի դեպքերը դպրոցում լինեն 10% և ավելի, որոշ ժամանակով այդ դպրոցը չի գործի: Մյուս դեպքերում կլինեն առանձին մոտեցումներ։ Այս մասին, Aravot.am-ի փոխանցմամբ, հայտնել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Սեպտեմբերից մեկնարկում է 2020-2021 ուստարին։ Կառավարության որոշմամբ կրթական հաստատությունները վերաբացվում են։ Դասերին աշակերտները դիմակ կկրեն, հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա, որ հնարավոր լինի դասաժամերը կրճատել։ Դասարանները կբաժանվեն 20 հոգանոց խմբերի։

Նրա խոսքով՝ նախատեսված է թեստավորել դպրոցների աշխատակիցներին: Ուսուցիչներին, որոնք առողջական խնդիրների և տարիքի պատճառով ռիսկի խմբում են, կառաջարկվի դպրոց հաճախել հատուկ պաշտպանիչ միջոցներով, կամ դասերը հեռավար կազմակերպել:

«Ուղեցույցը նախատեսում է մի շարք լուծումներ՝ ռիսկի խմբում գտնվող սովորողների և ուսուցիչների համար: Ռիսկի խմբում գտնվող սովորողների համար նախատեսում ենք կենտրոնացված հեռավար ուսուցման կազմակերպում: Հեռավար ուսուցումը կկազմակերպվի կենտրոնացված եղանակով, ինչը նշանակում է, որ այս բեռը չենք թողնի առանձին դպրոցների և ուսուցիչների ուսերի»,- նշել է փոխնախարարը: