31 օգոստոսի 2020 - 11:23 AMT
Հայկական «Նոա» հոլդինգը գնել է իտալական «Սիենա» ֆուտբոլային ակումբը

Հայկական «Նոա» հոլդինգը ձեռք է բերել իտալական C սերիայի «Սիենա» ակումբը, հայտնում է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը։

«Նոայի» մամուլի քարտուղար Ռուբեն Մելոյանի խոսքով՝ եվրոպական ակումբ ձեռք բերելն իրենց հավակնոտ ծրագրերից մեկն է, փոխանցում է Armsport.am-ը։

Նա նշել է, որ «Սիենայի» նախագծում ներգրավված կլինեն մարդիկ, ովքեր ակտիվորեն աշխատում են նաև «Նոայի» հետ։

«Նոր թիմը ևս ձգտելու է հաջողության հասնել արդեն այս մրցաշրջանում և բարձրանալ ավելի բարձր իտալական սերիա։ Սրանով «Նոա» հոլդինգի գործունեությունը չի սահմանափակվի, առաջիկայում հնարավոր է նոր հետաքրքիր նախագծի մասին տեղեկություն ունենանք»,- ասել է Մելոյանը։

«Սիենա» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է Սիենայում, Տուսկանիայի շրջանում: Ակումբը վերստեղծվել է 2014 թվականին իր նախորդ ֆուտբոլային ակումբի սննկացումից հետո: Հայկական «Նոան» հիմնադրվել է 2017-ին, մինչև 2019-ը կրել է «Արցախ» անունը։