1 սեպտեմբերի 2020 - 18:29 AMT
Տղամարդը ձերբակալվել է դիմակ չկրելու համար 3 ոստիկանի հանդեպ բռնության կասկածանքով

Օգոստոսի 31-ին Էջմիածնի քաղաքապետարանի դիմացի այգում դիմակ չկրելու հարցի շուրջ քաղաքացին ոստիկանների հետ վիճել է և բռնություն գործադրել նրանց նկատմամբ։ 3 ոստիկան տուժող է ճանաչվել։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ` քաղաքացին ոստիկաններից մեկի հետ խոսել է վիրավորական և արհամարհական տոնով, դրսևորել ագրեսիվ վարքագիծ, հրաժարվել ներկայացնել անձնագիր, որից հետո ձեռքով մեկ անգամ հարվածել է ոստիկանին։ Նույն մարդը մեկ այլ ոստիկանի նկատմամբ ևս բռնություն է գործադրել՝ քաշքշելով նրան, որի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով։

38-ամյա քաղաքացին ձերբակալվել է՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։ Նախաքննությունը շարունակվում է: