10 փետրվարի 2009 - 19:29 AMT
Վիկ Դարչինյանը ռինգ կվերադառնա մայիսին
Առաջին ամենաթեթեւ քաշային կարգում WBC, IBF եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը, որն անցյալ շաբաթ օրը հաղթանակ տարավ WBA ժամանակավոր չեմպիոն Խորխե Արսեի նկատմամբ, ծրագրում է իր հաջորդ մենամարտն անցկացնել ավելի ծանր քաշային կարգի շրջանակներում:

Ինչպես հաղորդել է չեմպիոնի մենեջեր Էլիաս Նասարը, ինքը կցանկանար հայ բռնցքամարտիկի համար մենամարտ կազմակերպել ամենաթեթեւ քաշային կարգում WBC չեմպիոն Հոցումի Հասեգավայի կամ նույն քաշային կարգի IBF տիտղոսը կրող Գանայի բռնցքամարտիկ Ջոզեֆ Ագբեկոյի հետ: Այդպիսի մենամարտ կարող է կայանալ մայիսից ոչ շուտ, քանի որ Դարչինյանին առնվազն 60 օր է պահանջվում, որպեսզի բուժի Արսեի հետ մենամարտում ստացած վնասվածքը:

Դարչինյանի պրոմոուտեր Գարի Շոուն իր հերթին հայտնել է, որ հնարավոր է նաեւ Դարչինյանի մենամարտը WBO չեմպիոն, ֆիլիպինցի Ջերի Պենալոսոյի հետ: «Եթե անգամ Դարչինյանի մենամարտը Պենալոսոյի հետ չկայանա, նա Ֆիլիպիններ կմեկնի իր հաջորդ մենամարտի համար: Իսկ առայժմ Վիկը Ավստրալիա է մեկնել, որպեսզի հանգստանա իր ընտանիքի հետ եւ ուժ հավաքի»,- Շոուին է մեջբերում Boxingscene.com-ը: