5 սեպտեմբերի 2020 - 17:37 AMT
Ֆրանսիացին կհեռարձակի իր մահը Facebook-ում․ Նա էֆթանազիայի մերժում է ստացել

Անբուժելի հիվանդ մի ֆրանսիացի իր մոտալուտ մահն ուղիղ եթերով կհեռարձակի Facebook-ում։ Reuters-ի փոխանցմամբ՝ նա հրաժարվել է սննդից և դեղերից նախագահ Էմանուել Մակրոնի կողմից Էֆթանազիայի հայտը մերժելուց հետո։

57-ամյա տղամարդը 34 տարի հիվանդ է․ իր հրապարակած տեսանյութում ասում է, որ ավարտեց իր վերջին կերակուրը, վերջին անգամ խմում է մյուսների առողջության համար:

«Ազատման ճանապարհը սկսվում է, և հավատացեք՝ ես երջանիկ եմ», - ասել է նա։

Տղամարդը նամակով դիմել էր Մակրոնին ՝ խնդրելով իրեն ազատել ցավերից, թույլ տալ խաղաղ մահանալ՝ հանգստացնող միջոց ստանալուց հետո։ Նախագահը մերժել էր նրան՝ բացատրելով, որ դա հակասում է ֆրանսիական օրենսդրությանը։

Էֆթանազիան ցավերից և տառապանքից ազատելու համար հիվանդների համաձայնությամբ նրան կյանքից զրկելն է։ Աշխարհի երկրների մեծամասնությունում այն համարվում է անօրինական։