8 սեպտեմբերի 2020 - 19:04 AMT
Դեղագործական 9 ընկերություն չի փորձի վաղաժամ գրանցել Covid-19-ի դեմ պատվաստանյութը

Տարբեր երկրներում գործող և կորոնավիրուսի պատվաստանյութ մշակող դեղագործական 9 ընկերություն ստորագրել է խոստում առ այն, որ պատվաստանյութերը ստեղծելիս կպահպանեն «էթիկական բարձր չափանիշները» և չեն ձգտի վաղաժամ գրանցմանը։

CNN-ը նշում է՝ ընկերությունները ցանկանում են հստակեցնել, որ հավատարիմ են մնալու պատվաստանյութերի ստեղծման և փորձարկման գործում իրենց հանձնառությանը և գիտական չափանիշներին։

Նամակը ստորագրել են AstraZeneca, BioNTech, Moderna, Pfizer, Novavax, Sanofi, GlaxoSmithKline, Johnson & Johnson և Merck ընկերությունները:

Ներկայումս աշխարհում մեկ պաշտոնապես գրանցված պատվաստանյութ կա՝ ռուսականը։ Փորձագետները քննադատում են Ռուսաստանին՝ գրանցելու ուղղությամբ շտապելու և երրորդ փուլի փորձարկումները լիարժեք չիրականացնելու համար։

Սեպտեմբերի 8-ի դրությամբ աշխարհում վարակվածների թիվն անցել է 27․3 մլն-ից, առողջացածներինը՝ 18․3 մլն-ից, մահացածներինը՝ 892,000-ից։

Photo: Joe Amon/The Denver Post via Getty Images